Բիշքեկն ու Դուշանբեն պայմանավորվել են կանխել սահմանին հետագա սադրանքները
Ղրղըզստանը եւ Տաջիկստանը պայմանավորվել են հետագայում թույլ չտալ որեւէ սադրիչ գործողություն սահմանի ընդհանուր հատվածում։ Այս մասին հայտնել է Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը։
«Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանային ներկայացուցիչները պայմանավորվել են կանխել սադրիչ միջոցները՝ համատեղ սահմանին իրավիճակն ապակայունացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օրվա ընթացքում, ինչպես նաեւ գիշերը երկու պետությունների սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանապահների միջեւ։
«Հանդիպման ժամանակ ղրղըզական կողմը հայտարարել է, որ գիշերը փոխհրաձգությունը հրահրել են տաջիկ զինվորականները։ Տաջիկստանի Հանրապետության սահմանային զորքերի ծառայողները քարեր են նետել Ղրղըզստանի քաղաքացիների մեքենաների ուղղությամբ»,- նշում է սահմանապահ գերատեսչությունը։
Իր հերթին, տաջիկական կողմը հավաստիացրել է, որ իր զինծառայողները ներգրավված չեն մեքենաների վրա քարեր նետելու մեջ։ «Ըստ տաջիկական կողմի՝ դրանք անհայտ քաղաքացիներ են եղել, եւ նրանց որոնողական աշխատանքներն արդեն շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։