ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել 1,5 տրլն դոլարով կառավարության ֆինանսավորման փաթեթին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հինգշաբթի ընդունել է ընթացիկ ֆինանսական տարում (սկսվել է անցած տարվա հոկտեմբերից) 1,5 տրլն դոլարով կառավարության ֆինանսավորման փաթեթը։ Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։
Նախաձեռնությունը պաշտպանել է 68 սենատոր, 31 օրենսդիր դեմ է քվեարկել։ Ընդունված փաթեթում ներառված է 13,6 մլրդ դոլարի մարդասիրական, ռազմական եւ տնտեսական օգնությունը Ուկրաինային։
Չորեքշաբթի նախաձեռնությունն արժանացել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությանը։ Սպիտակ տունն արդեն հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը կստորագրի նախաձեռնությունը։
Ավելի վաղ օրենսդիրները համաձայնեցրել էին ֆինանսավորման փաթեթը բազմամսյա խորհրդակցություններից հետո, որոնց պատճառով ստիպված էին եղել ընդունել դաշնային կառավարության ֆինանսավորման ժամանակավոր նախաձեռնությունը, վերջինն ավարտվում էր մարտի 11-ին։ Ընդունված փաթեթը թույլ կտա այդ ժամկետը երկարացնել մինչեւ սեպտեմբերի 30-ը։
Կոնգրեսականների հավանությանն արժանացած ֆինանսավորումը ներառում է մոտ 780 մլրդ դոլարի հատկացում պաշտպանական կարիքների եւ մոտ 730 մլրդ դոլարի տրամադրում այլ ոլորտներում ծախսերի համար։