Արցախի օմբուդսմեն. Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության նպատակն Արցախի ապահայկականացումն է
Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության նպատակն Արցախի ապահայկականացումն է։ Այս մասին հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ դա եղել է նաեւ խորհրդային տարիներին, երբ իշխանությունները քաղաքականություն էին վարում՝ Արցախում հայերի կյանքը հնարավորինս վատացնելու, նրանց Արցախից հեռացնելու եւ Արցախն ադրբեջանցիներով բնակեցնելու համար։
«Առաջին պատերազմից եւ զինադադարի ստորագրումից հետո մենք ապահովեցինք մեր անվտանգությունը։ Բայց դրան զուգահեռ Ադրբեջանում սրվեց հայատյացության քաղաքականությունը։ Ադրբեջանը գրավեց բոլոր ոլորտները, ներթափանցեց դպրոցներ։ Այս քաղաքականությունն ունի եւ՛ էթնիկ, եւ՛ կրոնական բաղադրիչներ։ Մենք դրա ականատեսը եղանք 2020թ․ պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները սպանեցին եւ խոշտանգեցին գերեվարված հայերին եւ ոչնչացրեցին քրիստոնեական ժառանգությունը։ Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակեց այս քաղաքականությունը։ Սակայն գիտակցելով, որ իրենց քաղաքականությունը տեսնում են միջազգային կազմակերպությունները, նախագահի մակարդակով հայտարարություններ արեցին, որ միջադեպերը համակարգային բնույթ չեն կրում։ Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները փորձում են մանիպուլյացիայի ենթարկել միջազգային կազմակերպություններին։
Մեր խնդիրն է փաստերով ցույց տալ, որ ամեն ինչ համակարգային է եւ իրականացվում է մեկ կենտրոնից՝ Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ»,- ասել է Ստեփանյանը։