ՅՈւՆԻՍԵՖ. Փետրվարի 24-ից Ուկրաինայից հեռացել է միլիոն երեխա
Երեխաների թիվը, որոնք փետրվարի 24-ից ստիպված են եղել հեռանալ Ուկրաինայից, ավելացել է՝ հասնելով 1 միլիոնի, գրել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը Թվիթերում։
Ավելի վաղ ՄԱԿ Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը հայտարարել էր, որ մեկ շաբաթում փախստական երեխաների թիվը մոտ էր 500 հազարին։
«Ընդամենը 2 շաբաթվա ընթացքում։ Մեկ միլիոն երեխա հեռացել է Ուկրաինայից»,- գրել է Ռասելը։ Նա ավելացրել է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ շարունակում է օգնություն ցուցաբերել երեխաներին եւ մայրերին, որոնք գտնվում են Ուկրաինայում հակամարտության գոտում. կազմակերպությունը դեղամիջոցներ կմատակարարի երկրի հինգ շրջանների 22 հիվանդանոցներին, այդ օգնությունը կտրամադրվի 20 հազար երեխաների եւ մայրերի։