ՌԴ ԱԳ փոխնախարար. Պատժամիջոցները «կռանով» կհարվածեն ԵԱՏՄ-ում Մոսկվայի գործընկերներին
Հակառուսական պատժամիջոցները «կռանով» կհարվածեն Մոսկվայի գործընկերներին Եվրասիական միությունում, բայց Ռուսաստանը համերաշխության հույս ունի, ընդ որում՝ Մոսկվան չի պատրաստվում ինչ-որ որոշումներ պարտադրել, ուրբաթ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը «Известия»-ի հարցազրույցում։
«Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ թե պարզապես ռիկոշետով, այլ, հաստատ, կռանով կհարվածեն մեր դաշնակիցներին, տնտեսական եւ առեւտրային մերձավոր գործընկերներին եվրասիական տարածքում։ Եվ պատժամիջոցների թեման առկա է եղել մեր եվրասիական օրակարգում արդեն երկար ժամանակ»,- ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ «դժվար է պատկերացնել, թե ով կփոխարինի Ռուսաստանին ԵԱՏՄ-ի շուկաներում՝ հաշվի առնելով այն, որ մենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ ունենք»։
«Եվրասիական մեր գործընկերների համերաշխության հույսն ունենք, հույս ունենք, որ այս ծանր ժամանակներում մենք կկարողանանք դիմանալ։ Կա գործիքների մի ամբողջ զանգված, որոնք, ինչպես նախազգուշացրել էինք, պետք է մտցնել, եւ դրանք օգտագործվել են՝ հաշվարկներ ազգային արժույթներով, մեր տարածաշրջանային զարգացման բանկերի ներգրավման հնարավորություններ ֆինանսավորման համար»,- ասել է Պանկինը։