Meta-ն ժամանակավոր թույլ է տալիս հրապարակել բռնության կոչեր ռուս զինվորականների և ՌԴ-ի ու Բելառուսի նախագահների դեմ
Ֆեյսբուք եւ Ինսթագրամ սոցցանցերի սեփականատեր Meta Platforms ընկերությունը ժամանակավորապես թույլ կտա որոշ երկրների օգտատերերին հրապարակել բռնության կոչեր ռուսաստանցիների եւ ռուս զինվորականների դեմ՝ «Ուկրաինա ներխուժման համատեքստում»։ Այս մասին նշվել է ընկերության ղեկավարության էլեկտրոնային նամակում, որն ուղարկվել է երկու սոցցանցերի մոդերատորներին, որոնք սովորաբար այլ քաղաքականության կողմնակից են ատելություն հրահրող բոլոր հրապարակումների առումով, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Սոցցանցի ղեկավարությունը նաեւ ժամանակավորապես թույլ է տվել հրապարակել գրառումներ, որոնք կոչ են անում սպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա մերձավոր դաշնակից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Ղեկավարությունից նման ցուցումներ են ստացել սոցցանցերի ներքին քաղաքականությանը չհամապատասխանող կոնտենտը հեռացնող մոդերատորները։
«Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետեւանքով մենք ժամանակավորապես թույլ ենք տալիս քաղաքական արտահայտությունների ձեւեր, որոնք սովորաբար խախտում են մեր կանոնները, այսինքն՝ ագրեսիվ արտահայտություններ, օրինակ՝ «մահ ռուս օկուպանտներին»։ Մենք նախկինի պես թույլ չենք տալու բռնության կոչեր Ռուսաստանի քաղաքացիական անձանց դեմ»,- նշվել է Meta-ի ներկայացուցչի հայտարարությունում։
Համաձայն ներքին ծառայողական գրության՝ ռուս զինծառայողների հանդեպ բռնության կոչերի մոդերացիայի քաղաքականության ժամանակավոր փոփոխությունները տարածվում են Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սլովակիայի ու Ուկրաինայի վրա։
Սոցցանցերի մոդերատորների ստացած նամակում ընդգծվել է, որ ատելության հրահրման քաղաքականության ժամանակավոր փոփոխությունները վերաբերելու են գերազանցապես ռուս զինծառայողներին, եթե նրանք ռազմագերի չեն, եւ Ռուսաստանի քաղաքացիներին՝ միայն «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման համատեքստում», օրինակ՝ եթե կոնտենտում հիշատակվում են ներխուժումը, ինքնապաշտպանությունը եւ այլն»,- նշվել է հրահանգում։
«Ատելության հրահրման քաղաքականությունը նախկինի պես արգելում է վիրավորանքը ռուսաստանցիների հանդեպ»,- նշվել է էլեկտրոնային նամակում։