Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին օրվա ընթացքում երկրորդ փոխհրաձգությունն է տեղի ունեցել
Մեկ օրվա ընթացքում երկրորդ փոխհրաձգությունն է տեղի ունեցել Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ, տեղեկացրել են Ղրղըզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում։
«Մարտի 11-ին, ժամը մոտավորապես 02.50-ին ղրղըզա-տաջիկական սահմանին տեղի է ունեցել հերթական փոխհրաձգությունը Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Տեղեկացվել է, որ Բատկեն-Իսֆանա ավտոճանապարհի մոտ, Բատկենի շրջանի Էկի Թաշ տեղանքում Տաջիկստանի սահմանապահ վերակարգը սկսել է քարեր նետել ճանապարհով անցնող մեքենաների վրա։ Ղրղըզստանի սահմանապահ վերակարգի պահանջները քարկոծումը դադարեցնելու մասին տաջիկ սահմանապահներն արհամարհել են։
«Ղրղըզ սահմանապահները ստիպված են եղել նախազգուշական կրակ բացել օդում, որպեսզի կանգնեցնեն տաջիկ զինծառայողների անիրավաչափ գործողությունները։ Այդ ժամանակ Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ վերակարգը, որը ծառայություն է իրականցնում այդ շրջանում, կրակել է դիտակետի աշտարակի ուղղությամբ, որտեղ ղրղըզ սահմանապահներն էին։ Սկսվել է փոխհրաձգություն Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ վերակարգերի միջեւ, որը տեւել է մոտ 20 րոպե եւ ավարտվել ժամը 03.10-ին»,- ասել են մամուլի ծառայությունում։
Նշվել է, որ ղրղըզական կողմից տուժածներ եւ վիրավորներ չկան։