Շրի Լանկայի արժույթը կտրուկ անկում է ապրում տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց
Շրի Լանկայի ռուփին դոլարի նկատմամբ կտրուկ անկում է ապրում այն բանից հետո, երբ երկրի կենտրոնական բանկը կարգադրել է 15 տոկոսով արժեզրկել այն՝ փորձելով կանխել մոտալուտ տնտեսական փլուզումը, որն առաջացել է արտարժույթի պակասից, հաղորդում է AFP-ն:
Անկախությունից ի վեր երկրի վատագույն տնտեսական ճգնաժամը հարավասիական 22 միլիոնանոց երկրում հանգեցրել է վառելիքի ու էլեկտրաէներգիայի նորմավորման՝ կաթվածահար անելով հասարակական տրանսպորտը եւ սննդի ու դեղորայքի երկար հերթեր առաջացնելով:
Կորոնավիրուսային համավարակը հարվածել է կղզու զբոսաշրջության հատվածին՝ արտարժույթի հիմնական աղբյուրին՝ մտավախություն առաջացնելով, որ երկիրը չի կարողանա մարել իր 51 մլրդ դոլարի արտաքին պարտքը:
Թրեյդերներն ասում են, որ ռուփին՝ կղզու հիմնական առեւտրային արժույթը, ԱՄՆ դոլարի նկատմամբ ընկել է 11,53 տոկոսով, քանի որ իշխանությունները պայքարում են կանխիկ գումար հայթայթելու համար, որպեսզի ֆինանսավորեն նավթի խիստ անհրաժեշտ ներմուծումը:
Պետական Ceylon Petroleum Corporation (CPC) ընկերությունը իրեն սնանկությունից փրկելու համար կառավարությանը խնդրել է շտապ բարձրացնել նավթի մանրածախ գինը։
Կառավարությունը հայտարարել է, որ հույս ունի շուտով վարկային գծով 500 մլն դոլարի նավթ ներմուծել Հնդկաստանից՝ տեղական դեֆիցիտի խնդիրը լուծելու համար:
Չորեքշաբթի օրը կառավարությունը խստացրել է սահմանափակումները ներմուծման լայն շրջանակի համար՝ վիսկիից մինչեւ խոհանոցային տեխնիկա, որպեսզի խնայի արտարժույթը եւ ֆինանսավորի հիմնական ներմուծումները, ինչպիսիք են յուղը, սննդամթերքները եւ դեղորայքը:
2020թ․ մարտին արդեն եղել է թանկարժեք ապրանքների, օրինակ՝ մեքենաների ներմուծման արգելք՝ Շրի Լանկայի պարտքերը մարելու համար անհրաժեշտ դոլարի արտահոսքը դադարեցնելու նպատակով։
Երկրում չի բավարարում կաթի փոշին, շաքարը, ոսպը, ցորենը, ինչպես նաեւ դեղամիջոցները։
Անցյալ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամը Կոլոմբոյին կոչ էր արել արժեզրկել իր արժույթը եւ բարձրացնել հարկերը՝ դրամական միջոցներից գրեթե զրկված երկրին զգուշացնելով, որ նրա արտաքին պարտքը «անընդունելի է»: