Կանանց էլ սորտավորեցին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են մսխել պետական բյուջեի միջոցները՝ դրանց հաշվին պարգեւատրումներ, նվերներ եւ խրախուսանքի տարբեր միջոցներ սահմանելով։ Երեկ գրվեց, որ ԱԺ աշխատակազմը Մարտի 8-ի առթիվ ԱԺ կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց պարգեւատրել է 70 հազարական դրամով։ Մեր հարկերի հաշվին իշխանական ու պաշտոնյա կանանց լավություն անելու այս որոշումը կայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը։
Բայց միայն ԱԺ աշխատակազմը չէ այսքան կնամեծար․ կառավարության աշխատակազմում եւս որոշել են բյուջեի միջոցների հաշվին աշխատակազմի կին աշխատակիցներին պարգեւավճարներ դուրս գրել։
Բայց, ի տարբերություն շռայլ ԱԺ-ի, կառավարության աշխատակազմն ավելի համեստ է գտնվել եւ կառավարության կին աշխատակիցներին 50 հազարական դրամ է պարգեւատրել։ Կառավարության կանայք մի քիչ սրտնեղել են, թե՝ մենք բյուջեի գլխավոր տնօրինողը լինենք, ու մեզ ավելի քի՞չ տան, քան ԱԺ-ի կանանց։ Բայց առավել նեղսրտած էին նախարարությունների կին աշխատակիցները, որոնք տեղյակ էլ չէին, որ իրենց կողքի շենքում կանայք պարգեւատրվել են, իսկ իրենց ոչինչ չի հասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: