Մահացել է աշխարհում առաջին մարդը, որին գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ էին փոխպատվաստել
Աշխարհում առաջին մարդը, ով ստացել էր գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ, մահացել է ԱՄՆ-ում վիրահատությունից երկու ամիս անց։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Երեկ մարտի 8-ի գիշերը մահացել է սրտի անբուժելի հիվանդությամբ տառապող 57-ամյա Դեյվիդ Բենեթը, ով պատմության մեջ մտել է որպես խոզի գենետիկորեն մոդիֆիկացված սիրտ ստացած առաջին մարդ»,- հայտնել են բժշկական կենտրոնից։
Նշվում է, որ Բենեթի առողջական վիճակը սկսել է վատանալ մարտի 8-ին նախորդող օրերին։ Միաժամանակ բժիշկները չեն նշել նրա մահվան ստույգ պատճառը։
Բենեթը տառապում էր սրտի ծանր հիվանդությամբ։ Նախկինում նրան հրաժարվել էին սովորական վիրահատություն կատարել ԱՄՆ մի քանի առաջատար փոխպատվաստման կենտրոններում, և փորձնական պրոցեդուրան նրա կյանքի վերջին հնարավորությունն էր:
Բժիշկները սրտի փոխպատվաստման վիրահատություն էին կատարել այս տարվա հունվարի 7-ին։