Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի խորհրդի գործունեությանը
ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական պետությունները, չարաշահելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում (ԵԽՆԿ) իրենց բացարձակ մեծամասնությունը, շարունակում են Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպայում հումանիտար-իրավական ընդհանուր տարածքի քայքայման գիծը։ Այս մասին նշվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
«Իրադարձությունների ընթացքն անշրջելի է դառնում։ Ռուսաստանը մտադիր չէ հաշտվել այդ խափանարար գործողությունների հետ, որոնք իրականացնում է հավաքական Արեւմուտքը իբր «կարգուկանոն հաստատելով այն կանոնների հիման վրա», որոնք ոտնահարվում են ԱՄՆ-ի եւ միջազգային իրավունքի նրա արբանյակների կողմից։ Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ականների եւ նրանց հնազանդորեն հետեւող ԵՄ-ի՝ եվրոպական հնագույն կազմակերպությունը արեւմտյան գերազանցության եւ ինքնասիրության մասին հմայախոսության հերթական հարթակի վերածելու գործին։ Թող վայելեն միմյանց հետ շփումն առանց Ռուսաստանի»,- նշված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դադարեցրել էր Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը։ Կազմակերպությունում նշել էին, որ ընդունված որոշումը նշանակում է, որ Ռուսաստանը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ եւ Եվրոպայի խորհրդի համապատասխան կոնվենցիաների, ներառյալ Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի մասնակից։