Ավելի քան 1000 ռուս զինվորականներ զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանում
Մարտի 14-18-ը ռուս զինվորականները զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանում Աֆղանստանի հետ սահմանի մոտ գտնվող զորավարժարանում։ Կմասնակցի ավելի քան 1000 մարդ, ավելի քան 300 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ, հաղորդում է «Интерфакс-АВН»-ը։
«Մարտի 14-ից մարտի 18-ը Տաջիկստանում «Հարբ-Մայդոն» զորավարժարանում տեղի կունենան մարտավարական զորավարժություններ 201-րդ ռուսական ռազմաբազայի 1000-ից ավելի ռուս զինծառայողների մասնակցությամբ։ Զորավարժություններին նախատեսվում է օգտագործել ավելի քան 300 միավոր սպառազինություն, ռազմական եւ հատուկ տեխնիկա՝ բանակի ավիացիոն ուղղաթիռների ներգրավմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զինվորականների խոսքով՝ զորավարժությունները տեղի կունենան երեք փուլով։ Առաջին փուլում ստորաբաժանումները երթ կանցկացնեն դեպի մանեւրների շրջան, հետ կմղեն պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակումը։
«Զորավարժությունների հիմնական փուլի ընթացքում զինծառայողները կմշակեն ապօրինի զինված կազմավորումների արգելափակման եւ ոչնչացման գործողությունը։ Ավարտական փուլում վարժանքները կկատարեն մարտունակության վերականգնման եւ հետագա խնդիրների իրականացմանը նախապատրաստվելու խնդիրներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բոլոր մարտավարական գործողությունները կիրականացվեն հետախուզական-կրակային եւ հետախուզական-հարվածային համակալիրների կիրառմամբ։
Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի ամենամեծ ռազմական օբյեկտն է ՌԴ սահմաններից դուրս։ Այն տեղակայված է երկու քաղաքներում՝ Դուշանբեում եւ Բոխթարում։ Դրա կազմում են մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հետախուզական ստորաբաժանումներ, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ, ՌՔԿ պաշտպանության եւ կապի ստորաբաժանումներ։
2021թ․ Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո Ռուսաստանը ՀԱՊԿ դաշնակիցների հետ մի շարք զորավարժություններ է անցկացրել Տաջիկստանում։ Ռուս զինվորականները հայտնել են նաեւ Տաջիկստանում ռազմաբազան նոր զինատեսակներով ուժեղացնելու մասին։ Մասնավորապես, դեկտեմբերի 6-ին նա ստացել է 30 արդիականացված T-72B3M տանկ՝ նախկին մոդիֆիկացիաների մարտական մեքենաները փոխարինելու համար։