YouTube-ը լիովին դադարեցրել է մոնետիզացիան ռուսաստանցի օգտատերերի համար
YouTube-ը լիովին դադարեցրել է մոնետիզացիայի բոլոր գործառույթները ռուսաստանցի օգտատերերի համար, ներառյալ Premium, Music Premium բաժանորդագրությունը, հովանավորությունը, սուպերչաթը, սուպերսթիքերները եւ մերչը։ Այս մասին տեսահոսթինգը տեղեկացրել է ռուսաստանցի օգտատերերին հղած նամակներում, փոխանցել է «Коммерсантъ»-ը։
«Վերջերս մենք լիովին դադարեցրինք Google-ի եւ YouTube-ի գովազդը Ռուսաստանում։ Հիմա մենք այդ միջոցները տարածում ենք մոնետիզացիայի հետ կապված բոլոր գործառույթների, այդ թվում YouTube Premium եւ Music Premium բաժանորդագրության, հովանավորության, սուպերչաթի, սուպերսթիքերների, մերչի վրա Ռուսաստանում բոլոր օգտատերերի համար։ Դա նշանակում է, որ YouTube-ի հեղինակները ժամանակավորապես չեն ունենա այդ գործառույթների հասանելիություն Ռուսաստանում։ Այս փոփոխությունները չեն տարածվում այն դիտողների վրա, որոնք գտնվում են Ռուսաստանից դուրս։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց՝ մենք ձեզ կներկայացնենք նորություններ, երբ դա անհրաժեշտ լինի»,- նշվել է ընկերության հաղորդագրությունում։
Ավելի վաղ YouTube-ը արգելել էր գովազդը ռուսաստանցի օգտատերերի համար, ինչպես նաեւ փակել էր ռուսաստանյան պետական RT հեռուստաալիքի եւ «Соловьев Live»-ը վարող Վլադիմիր Սոլովյովի ալիքները։
Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ Խոշոր տեխնոլոգիական ընկերություններն այս առնչությամբ կոնտենտը, գովազդը փակելու տարբեր միջոցներ են ձեռնարկում եւ այլ սահմանափակումներ են մտցնում։ Դրանց թվում են Facebook-ը, Twitter-ը եւ Google-ը (որին պատկանում է YouTube-ը), գրել է պարբերականը։