PlayStation-ը և Nintendo-ն դադարեցնում են մատակարարումները Ռուսաստան
PlayStation-ը եւ Nintendo-ն դադարեցնում են մատակարարումները Ռուսաստան, հայտարարել են ճապոնական խաղային հսկաները, տեղեկացրել է AFP-ն։
Sony Group-ը, որին պատկանում է PlayStation-ը, հայտարարել է, որ տեսախաղերի իր մասնաճյուղը «միանում է Ուկրաինայում խաղաղությանն ուղղված համաշխարհային հանրության կոչին»։ «Մենք դադարեցրել ենք ծրագրային եւ սարքավորումների ապահովման բոլոր մատակարարումները, Gran Turismo 7-ի թողարկումը եւ PlayStation Store-ի աշխատանքը Ռուսաստանում»,- նշվել է հաղորդագրությունում։ Տեխնոլոգիաների կոնգլոմերատը նաեւ հայտարարել է, որ 20 մլն դոլար է նվիրաբերել ՄԱԿ-ի փախստականների գործակալությանը եւ «Փրկենք երեխաներին» կազմակերպությանը՝ «ողբերգության զոհերի աջակցության համար»։
Ավելի ու ավելիի մեծ թվով վերազգային կորպորացիաներ՝ McDonald's-ից մինչեւ Adidas ու Samsung, լիովին կամ մասնակի դադարեցնում են գործունեությունը Ռուսաստանում։
Nintendo-ի ներկայացուցիչը AFP-ին տեղեկացրել է, որ Կիոտոյում գտնվող ընկերությունը, որը ստեղծել է Switch հանրաճանաչ կոնսոլը, դադարեցնում է բոլոր ապրանքների մատակարարումները Ռուսաստան «ներկա պահին»։ «Երկու պատճառով։ Առաջին. մեր ինտերնետ-խանութը (Ռուսաստանում) տեխնիկական սպասարկման մեջ է մարտի 4-ից, որովհետեւ վճարային համակարգը դադարեցրել է ռուբլով գործարքները։ Երկրորդը լոգիստիկ խափանումներն են»,- ասել է նա։