Կադիրովը ցնցված է Ուկրաինայում տասնյակ կենսալաբորատորիաների առկայության մասին նորությունից
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խորապես ցնցված է Ուկրաինայի տարածքում տասնյակ կենսալաբորատորիաների առկայությունից։
«Ես խորապես ցնցված եմ Ուկրաինայի տարածքում տասնյակ կենսալաբորատորիաների առկայությունից, որոնք ֆինանսավորվել են Միացյալ Նահանգների կողմից եւ որոնցում մշակվել է կենսաբանական զենք։ Փաստը, որ այնտեղ հենց կենսաբանական զենքի փորձարկումներ են կատարվել, հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, որը մտահոգություններ է հայտնել, թե ռուսաստանցի զինվորականները կարող են իրենց վերահսկողության տակ վերցնել կենսաբանական նմուշները։ Ավելին, նա Ուկրաինայի տարածքում կենսաբանական եւ քիմիական զենքով ցանկացած միջադեպի պատասխանատվությունը դնում է... Ռուսաստանի վրա։ Բարձրագույն աստիճանի ցինիզմ է սա»,- գրել է Կադիրովն իր Telegram-ում։
Լաբորատորիաներում աշխատել են բացառապես ամերիկացիներ կամ նրանց «հավանությանն արժանացած» մարդիկ, նշել է նա՝ ավելացնելով, որ ԱՄՆ օրենսդրությունը «նման նախագծերի մասնակիցներին ազատում է քրեական պատասխանատվությունից անհաջող եւ անիրավաչափ փորձարկումների դեպքում»։
«Այլ խոսքով՝ Ուկրաինայում վտանգավոր հիվանդության բռնկման մեղքը Պենտագոնը դրել է հենց Ուկրաինայի վրա, իսկ ամերիկացի գիտնականները պարզապես կվերադառնան իրենց տները։ Բայց չէ՞ որ նման բռնկումներ եղել են։ Եվ մենք հիմա ենք միայն հասկանում, թե ինչն է եղել դրանց պատճառը։ 2008թ.՝ վիրուսային հեպատիտ։ 2009թ.՝ հեմոռագիկ թոքաբորբի բռնկում։ 2011թ.՝ խոլերայի բռնկում, որը կրկնվեց 2014 եւ 2015թթ.։ 2012թ.՝ կարմրուկ։ 2016թ.՝ տարօրինակ հիվանդության բռնկում, որը նման էր գրիպի։ Նորից 2016թ.՝ խոզի գրիպ, ընդ որում՝ դա 2009թ. «մոռացված» շտամն էր։ 2017թ.՝ հեպատիտ А։ 2017-2019թթ.՝ կարմրուկի բռնկում։ 2019թ.՝ դիֆթերիայի բռնկում։ Եվ սա՝ միայն Ուկրաինայում»,- ասել է Կադիրովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը զեկույց էր ներկայացրել այն մասին, որ ԱՄՆ-ը ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրին մասնակցող կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վրա։