Ղրղըզա-տաջիկական սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն
Պետական սահմանի ղրղըզա-տաջիկական տեղամասում տեղի է ունեցել միջադեպ զենքի կիրառմամբ, տեղեկացրել է 24.kg-ն՝ հղում կատարելով Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությանը։
Նրա տվյալներով՝ ժամը 10.50-ին մոտ Բատկենի շրջանի Տեսքեյ տեղանքում, սահմանին մոտ, Տաջիկստանի սահմանապահ վերակարգը, փոխելով նախկինում օգտագործվող երթուղին, դուրս է եկել նոր բնագիծ եւ պահանջել ղրղըզ սահմանապահներից հեռանալ տեղամասից։
Տաջիկ սահմանապահներին տեղում օգնություն է ուղարկվել։ Տաջիկստանի սահմանապահները, օգտագործելով թվային առավելությունը, փորձել են դուրս գալ նոր բնագիծ։ Բայց ղրղըզ սահմանապահները թույլ չեն տվել տաջիկ զինծառայողներին իրականացնել իրենց մտահղացումը։ Սկսվել է փոխհրաձգություն, որը տեւել է մոտ 10 րոպե։ Փոխհրաձգության հետեւանքով ղրղըզական կողմը տուժածներ եւ վիրավորներ չունի։
Անհապաղ տեղի է ունեցել կողմերի սահամանապահ ծառայությունների ներկայացուցիչների հեռախոսազրույց, ինչի արդյունքում որոշում է կայացվել սահմանապահ վերակարգերը հեռացնել միջադեպի վայրից՝ լրացուցիչ այլ ուժերի հայտնվելը տեղամասում թույլ չտալու համար։
Տեղեկացվել է, որ նախնական տվյալներով՝ տաջիկական կողմը վիրավորներ ունի։
Երկու երկրների սահմանապահ ներկայացուցիչները բանակցություններ են վարում։ Նշվում է, որ Տեսքեյը պետական սահմանի այնպիսի տեղանք է, որն օգտագործվում է Ղրղըզստանի քաղաքացիների կողմից։ Բատկենի շրջանում տեղակայված սահմանապահ ստորաբաժանումները ուժեղացված ծառայության ռեժիմի են բերվել։
Իր հերթին, «Sputnik Таджикистан»-ը տեղեկացրել է, որ ըստ ոչ հավաստի տվյալների՝ սպանվել է սահմանապահ Սունաթուլո Սամադովը։
Չորքու ջամոաթի բնակիչ Զիքրուլո Քարիմովը պատմել է, որ մարտի 10-ի առավոտյան ղրղըզ սահմանապահները կրակ են բացել գյուղի մի քանի բնակիչների ուղղությամբ, որոնք ծառ էին տնկում իրենց հողամասում։ «Հրաձգությունը տեղի է ունեցել 09.30-ին։ Ներկայում պատահարի վայրում հավաքվել է գյուղի ողջ բնակչությունը»,- ասել է գործակալության աղբյուրը։ «Sputnik Таджикистан»-ի այս տեղեկությունը հաստատել են նաեւ Իսֆարի քաղաքի իշխանությունները։ Նրանց ներկայացուցիչը տեղեկացրել է, որ պաշտոնական անձինք արդեն եկել են պատահարի վայր։
«Չի ճշտվում, թե ով է տուժել միջադեպի հետեւանքով։ Ներկայում պետական պաշտոնյաները Չորքուում են»,- ասել է աղբյուրը։