ՌԴ տրանսպորտի նախարարությունն առաջարկում է չվերադարձնել օտարերկրյա օդանավերը լիզինգատուներին
ՌԴ տրանսպորտի նախարարությունը պատրաստել է կառավարության որոշման նոր նախագիծ, որը, հավանության արժանանալու դեպքում, թույլ կտա Ռուսաստանում պահել օտարերկրյա արտադրության ինքնաթիռների պարկը։ Այն ավիաընկերություններին իրավունք կտա չվերադարձնել այդ օդանավերը լիզինգատուին, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։
Ենթադրվում է, որ որոշումը վերաբերելու է ինքնաթիռների լիզինգի մասին պայմանագրերին, որոնք կնքվել են մինչեւ 2022թ. փետրվարի 24-ը։ Դրա հանրային քննարկումը կտեւի մինչեւ մարտի 23-ը։
Փաստաթղթում ասվում է, որ եթե լիզինգատուն խզի պայմանագիրն ավիաընկերության հետ եւ պահանջի ժամկետից շուտ վերադարձնել ինքնաթիռը կամ շարժիչը, վերադարձի մասին որոշումը հարկ կլինի ներկայացնել ներմուծման փոխարինմամբ զբաղվող կառավարական հանձնաժողովի հավանությանը (այն ղեկավարում է փոխվարչապետ Յուրի Բորիսովը)։ Առանց հանձնաժողովի այդ որոշման փոխադրողը կկարողանա շարունակել օգտագործել լիզինգատուի ինքնաթիռը։
Ընդ որում՝ նա լիզինգատուին կարող է վճարել ռուբլով, ասվում է փաստաթղթում, իսկ տեխնիկան սպասարկել այն կազմակերպություններում, որոնք ունեն փաստաթուղթ, որը հաստատում է դրանց համապատասխանությունը դաշնային ավիացիոն կանոնների պահանջներին։
Օդանավերն ու շարժիչներն ապահովագրելը եւ վերապահովագրելը կարվեն ռուսական ապահովագրական կազմակերպություններում՝ այն պայմաններին համարժեք, որոնք նախատեսված են պայմանագրով։
Փետրվարի սկզբին Եվրամիությունը պատժամիջոցներ մտցրեց, որոնք արգելեցին Ռուսաստան քաղաքացիական ինքնաթիռների եւ պահեստամասերի մատակարարումը, ինչպես նաեւ դրանց սպասարկումն ու ապահովագրումը։ Բացի այդ, պատժամիջոցները պարտավորեցնում են լիզինգատուներին մինչեւ մարտի վերջ խզել գործող պայմանագրերը ռուսական ավիաընկերությունների հետ։
Ռուսական փոխադրողների ինքնաթիռների մեծ մասն օտարերկրյա արտադրության է, առաջին հերթին՝ Boeing եւ Airbus։ Գրեթե բոլորը գրանցված են արտասահմանում, հիմնականում Բերմուդյան կղզիներում։ Միաժամանակ, ինքնաթիռների կեսից ավելին, Cirium քոնսալթինգային ընկերությանն տվյալներով, օտարերկրյա լիզինգային է։
Մարտի 9-ին վարչապետ Միխայիլ Միշուստինը խոստացել է, որ կառավարությունը կօգնի ռուսական ավիաընկերություններին պահպանել օտարերկրյա օդանավերի պարկը՝ չնայած պատժամիջոցներին։