Հարավային Կորեայի նոր նախագահ է դարձել Յուն Սուկ Յոլը
Հարավային Կորեայի նոր նախագահ է դարձել պահպանողական, նախկին դատախազ Յուն Սուկ Յոլը, որը հաղթել է լիբերալ մրցակցին երկրում ամենալարված նախագահական ընտրություններից մեկում։
Ընտրաթերթիկների ավելի քան 98 տոկոսի հաշվարկով Յունը ստացել է ձայների 48,6 տոկոսը մրցակցի՝ Լի Չժե Մյոնի 47,8 տոկոսի դիմաց։
Նա իր հաղթանակն անվանել է «հարավկորեացի մեծ ժողովրդի հաղթանակը»։ Յունը խոստացել է կողմնակիցներին, որ «ուշադրություն կդարձնի մարդկանց գոյության միջոցներին, սոցիալական ծառայություններ կտրամադրի կարիքավորներին եւ բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի երկիրը լինի միջազգային հանրության եւ ազատ աշխարհի հպարտ եւ պատասխանատու անդամը»։
Նախագահի երկու թեկնածուները ընտրարշավի ողջ ընթացքում այնքան էլ ժողովրդականություն չէին վայելում։ Վերլուծաբանների կարծիքով՝ ընտրողներն այնքան էին հիասթափվել իրենց առաջնորդներից, որ տեղի ԶԼՄ-ները քվեարկությունն անվանել են «անցանկալիների ընտրություն»։
Ինչեւէ, ընտրություններին մասնակցությունը բարձր էր՝ քվեարկել է ձայնի իրավունք ունեցող ընտրողների 77 տոկոսը։