COVID-19-ը կարող է ուղեղի փոքրացում առաջացնել. հետազոտություն
COVID-19-ը կարող է հանգեցնել ուղեղի գորշ նյութի ծավալների փոքրացման։ Այս մասին նշվել է Nature ամսագրում հրապարակված հետազոտությունում։
Ինչպես նշել է Medportal.ru-ն, կորոնավիրուսային վարակը հաճախ առաջացնում է համի եւ հոտի խախտումներ։ Բրիտանացի մասնագետներն ապացուցել են, որ դա կարող է հանգեցնել գլխուղեղի գորշ նյութի ծավալների փոփոխության հոտառության հետ կապված մասերում։
Գլխուղեղի նախորդ հետազոտությունները՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) եւ պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիայի (ՊԷՏ) օգնությամբ, նույնպես վկայել են COVID-19-ով պացիենտների ցերեբրալ անոմալիաների մասին։ Բայց ներկա հետազոտությունը առաջին լոնգիթյուդ հետազոտությունն է երկակի վիզուալացմամբ, որում համեմատվել են ուղեղի պատկերները COVID-19-ից առաջ եւ հետո։
Հետազոտողները գնահատել են Մեծ Բրիտանիայի 51-81 տարեկան 587 բնակչի ուղեղները, որոնք երեք տարվա մեջ երկու անգամ տոմոգրաֆիա են անցել UK Biobank ուսումնասիրության շրջանակում։ Երկու սքանավորումների միջեւ 401 մասնակցի մոտ ախտորոշվել է COVID-19։ Կորոնավիրուսով վարակված պացիենտների ուղեղի սքանավորումը համեմատել են հսկիչ խմբի արդյունքների հետ։
Այդ բոլոր պատկերների համեմատությունը ցույց է տվել COVID-19-ի բացասական ազդեցությունը գլխուղեղի վրա. հետեւողականորեն փոփոխվել են ուղեղի կեղեւի հաստությունն ու միջին դիֆուզիոն կարողությունը։
Գիտնականների խոսքով՝ փոփոխություններն առաջին հերթին նկատվել են լիմբիկ եւ հոտառական համակարգերում։ Այդ էֆեկտները կարող են կապված լինել գլխուղեղի հոտառական բջիջներում վարակի տարածման հետ։
Գիտնականների խոսքով՝ առայժմ դժվար է ասել՝ արդյոք ուղեղի փոփոխությունները կվերականգնվեն, թե արդեն մշտական կդառնան։ Սա պարզելու համար նոր հետազոտություններ կպահանջվեն։