Բայդենը հանձնարարել է թվային դոլարի ստեղծման աշխատանքներ սկսել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է թվային դոլարի ստեղծման աշխատանքներ սկսել՝ կշռադատելով այդ քայլի ռիսկերն ու օգուտները, որոնք կարող են փոխել համաշխարհային ֆինանսական համակարգի համար խաղի կանոնները, հաղորդում է AFP-ը։
Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ մասնավոր կրիպտոարժույթների պայթյունավտանգ աճի պայմաններում ԱՄՆ-ի ջանքերն «առաջնահերթություն կտան ԱՄՆ-ի կենտրոնական բանկի պոտենցիալ թվային արժույթի (CBDC) ուսումնասիրությանն ու մշակմանը»։
Աշխարհի խոշորագույն տնտեսությունը կմիանա ավելի քան 100 երկրների, որոնք ուսումնասիրում կամ փորձարկում են պիլոտային ծրագրեր իրենց կենտրոնական բանկի թվային արժույթով (CBDC), ներառյալ՝ չինական թվային յուանը:
Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ գործակալությունները «կգնահատեն թվային ակտիվների հետ կապված ֆինանսական կայունության հնարավոր ռիսկերը եւ կգնահատեն՝ արդյոք համապատասխան երաշխիքներ կան»:
Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Բրայան Դիզը նշել է, որ «ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդության պահպանումն» այս ջանքերի հիմնական նպատակն է։ Այնուամենայնիվ, կուսումնասիրեն նաեւ «չնախատեսված հետեւանքներ»:
Պաշտոնյաները հերքել են այն կարծիքը, որ Վաշինգտոնը ուշացել է պետության կողմից աջակցվող թվային արժույթ ստեղծելու ջանքերում․ «Մենք պետք է շատ, շատ զգույշ լինենք այս վերլուծության մեջ, քանի որ այս ուղղությամբ մեր շարժման հետեւանքները շատ կարեւոր են աշխարհի հիմնական պահուստային արժույթը թողարկող երկրի համար»։
Բայդենի հրամանագրում գործակալություններին, ֆինանսների նախարարությանը կոչ է արվում ուսումնասիրել այնպիսի հարցեր, ինչպիսիք են սպառողների իրավունքների պաշտպանությունը, ֆինանսական հասանելիությունը եւ թվային ակտիվների օգտագործումն անօրինական գործունեության համար:
Պաշտոնյաները նվազեցնում են Պեկինի մրցակցությունը՝ ասելով, որ ԱՄՆ դոլարը «ուներ եւ կշարունակի ունենալ վճռորոշ նշանակություն ընդհանուր առմամբ միջազգային արժութային համակարգի կայունության համար»։
Չինաստանից բացի, հոկտեմբերին Նիգերիան գործարկել է սեփական վիրտուալ փողը, իսկ Սալվադորը թույլ է տվել բիթքոինն օգտագործել որպես օրինական վճարման միջոց։