Լեհաստանի վարչապետ․ ՆԱՏՕ-ն կլուծի լեհական կործանիչները Կիև տեղափոխելու հարցը
Լեհաստանից Ուկրաինա ՄիԳ-29 կործանիչներ տեղափոխելու որոշումը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ձեռքում է։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հետ հանդիպումից հետո։
«Մենք չհամաձայնեցինք ինքնուրույն ինքնաթիռներ մատակարարել, քանի որ դա պետք է լինի ողջ ՆԱՏՕ-ի որոշումը: Սա չափազանց կարեւոր որոշում է»,- ասել է Լեհաստանի վարչապետը։
Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք չեն կարող ինքնուրույն մարտական ինքնաթիռներ փոխանցել Ուկրաինային եւ առաջարկել են իրենց ՄիԳ-29 կործանիչները փոխանցել ԱՄՆ-ի «Ռամշթայն» ավիաբազային։
Ի պատասխան՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ՆԱՏՕ-ն խելամիտ չի համարում Լեհաստանի առաջարկը, իսկ Գերմանիայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի բազայից կործանիչներ ուղարկելու հեռանկարը «լուրջ մտահոգություն է առաջացնում ամբողջ դաշինքի համար»։