Ուկրաինան կարգելի գյուղատնտեսական հիմնական ապրանքների, այդ թվում՝ ցորենի, շաքարի, աղի եւ մսի արտահանումը
Ուկրաինան կարգելի գյուղատնտեսական հիմնական ապրանքների, այդ թվում՝ ցորենի, շաքարի, աղի եւ մսի արտահանումը, ասվում է կառավարության երեքշաբթի օրը հրապարակված որոշման մեջ։
Նախարարների կաբինետը ռազմական դրության պայմաններում նոր կանոններ է սահմանել մի շարք գյուղմթերքների արտահանման համար, Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության եւ պարենի նախարար Ռոման Լեշչենկոն։
«Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը կանխելու, շուկան կայունացնելու եւ ծայրահեղ կարեւոր սննդամթերքների բնակչության կարիքները բավարարելու համար կառավարությունը գյուղատնտեսական մթերքների արտահանման նոր կանոններ է սահմանել»,- հայտարարել է նա։
Մասնավորապես, որոշման համաձայն, արգելվում է արտահանել.
- վարսակ;
- կորեկ;
- հնդկաձավար;
- շաքար;
- կերակրի աղ;
- ցորեն;
- խոշոր եղջերավոր անասուն, ողջ
- խոշոր եղջերավոր անասունների միս եւ ներքին օրգաններ
Դա նշանակում է արտահանման փաստացի արգելք, ասվում է Ուկրաինայի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։