ՌԴ ԿԲ-ն մինչև սեպտեմբերի 9-ը կանխիկ արժույթով գործառնությունների ժամանակավոր ընթացակարգ է սահմանում
Ռուսաստանի Բանկը կանխիկ արժույթով գործառնությունների ժամանակավոր ընթացակարգ է սահմանում, ասել է կարգավորիչը։
«Ռուսաստանի բանկը 2022թ․ մարտի 9-ից սեպտեմբերի 9-ը սահմանում է արժութային ավանդներից կամ քաղաքացիների հաշիվներից միջոցների տրամադրման հետեւյալ կարգը. արժութային հաշիվներում կամ ավանդներում հաճախորդների բոլոր միջոցները պահվում եւ հաշվառվում են ավանդային արժույթով, հաճախորդը կարող է կանխիկացնել մինչեւ 10 000 դոլար կանխիկ արժույթով, իսկ մնացած միջոցները՝ ռուբլով շուկայական փոխարժեքով»,- ասվում է ՌԴ ԿԲ-ի հայտարարության մեջ։
Այլ արժույթների փոխարկումը դոլարի կկատարվի թողարկման օրը շուկայական փոխարժեքով: Կենտրոնական բանկը նշում է, որ արժույթը հնարավոր կլինի ստանալ բանկի դրամարկղից։ Միաժամանակ, հաճախորդները կարող են շարունակել միջոցները պահել արժութային ավանդներում կամ հաշիվներում: Կենտրոնական բանկում հավելել են, որ բոլոր միջոցները կպահպանվեն եւ կհաշվառվեն այն արժույթով, որով բացվել են հաշիվները կամ ավանդները: Ավանդի կամ հաշվի պայմանները չեն փոխվում, իսկ ավանդների տոկոսները հաշվարկվում են սովորական եղանակով` այն արժույթով, որով բացվել է ավանդը:
Ռուսաստանցիները հնարավորություն կունենան բացել նոր արժութային հաշիվներ եւ ավանդներ, սակայն դրանցից միջոցները հնարավոր կլինի դուրս բերել ընթացիկ ընթացակարգի ժամանակ ռուբլով՝ թողարկման օրը շուկայական փոխարժեքով։