Պաշտոնական այց. Հերցոգն Իսրայելի առաջին նախագահն է, որը Թուրքիա է այցելել 2008 թվականից ի վեր
Այսօր Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման շրջանակում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայի նրա պալատում։ Հերցոգը Իսրայելի առաջին նախագահն է, որը Թուրքիա է այցելում 2008 թվականից ի վեր, տեղեկացրել է իսրայելական «Детали» պարբերականը։
Հերցոգը ծաղկեպսակ կդնի թուրք ազգի հայր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին, հետո կհանդիպի Էրդողանի հետ։ Օրվա երկրորդ կեսին երկու երկրների առաջնորդները Իսրայելի եւ Թուրքիայի հասարակությունների առջեւ հանդես կգան համատեղ հայտարարությամբ, որպեսզի հրապարակավ եւ հստակ արտահայտեն, որ երկկողմանի ձգտում են կարգավորման։ Ըստ գնահատականների՝ Հերցոգը կարող է օգտվել առիթից եւ Էրդողանին հրավիրել այցելել Իսրայել։
Փորձագետների կարծիքով՝ նախագահ Հերցոգի այցն Անկարա կարեւոր քայլ է Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների աստիճանական սերտացման գործընթացում, որը տեղի է ունենում նոր կառավարության ձեւավորման պահից։ Էրդողանը վաղուց աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի մոտենա Իսրայելին։ Վերջին ամիսներին նա քանիցս հրապարակային հաղորդումներ է փոխանցել ԶԼՄ-ներով, որ ցանկանում է հանդիպել նախագահ Հերցոգի հետ եւ կարգավորել թուրք-իսրայելական հարաբերությունները։ Այս քաղաքականությունը կապում են ծանր տնտեսական ճգնաժամի եւ տարածաշրջանի այլ երկրների, ներառյալ Պարսից ծոցի երկրների (որոնք ներկա պահին համարվում են Իսրայելի հավատարիմ գործընկերները) հետ հարաբերությունների բարելավման Էրդողանի քաղաքականության հետ։
Ի դեպ, Երուսաղեմում Էրդողանի այս հայտարարություններին որոշակի կասկածամտությամբ են վերաբերվում։ Վարչապետ Նաֆթալի Բենեթը նախկինում թերահավատորեն է վերաբերվել Թուրքիայի մտահղացումներին, բայց եւ այնպես, ասել է, որ կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի կայունություն ապահովի Մերձավոր Արեւելքում։ «Ես չեմ բացառում մեր նախագահի հանդիպումն Էրդողանի հետ,- ասել է նա «Հաարեց»-ի հարցազրույցում։- Ես պատրանքներ չունեմ Թուրքիայի հետ կապված։ Ես տեսել եմ, թե ինչ է տեղի ունեցել Գազայում ճգնաժամի պահերին։ Մենք լավ գիտենք ողջ դինամիկան»։