Ձեթի անբավարարության մասին հայտարարող թուրք օգտատերերի օգտահաշիվները հետաքննվում են
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը սկսել է սոցցանցերի ընդհանուր առմամբ 45 օգտահաշիվների հետաքննությունը, դրանցում եղել են հաղորդումներ արեւածաղկի ձեթի գների մասին։ Այդ հաղորդումները համարվել են «սադրիչ», տեղեկացնում է SoL լրատվական կայքը։
SoL-ի տվյալներով՝ հետաքննվում են սոցցանցերի 45 օգտահաշիվներ, որոնց գրառումները, վարչության հավաստիացմամբ, պարունակում են «ապատեղեկատվություն» արեւածաղկի ձեթի գների մասին։
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հերքել են այն պնդումները, թե Թուրքիան պարենային պաշարների, այդ թվում արեւածաղկի ձեթի պակաս ունի՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի պատճառով։
Հայտարարությունները հաջորդել են սոցցանցերում հայտնված հոլովակներին, որոնցում ցուցադրվում էին մեծ հերթերը եւ դատարկ դարակները, քանի որ քաղաքացիները փորձել էին ապրանքներ պահեստավորել, ինչը հանգեցրել էր գների զգալի բարձրացման։ Արեւածաղկի ձեթի գների աճի առաջացրած անհանգստությունը Թուրքիայում ակտիվ գնումներ կատարելու առիթ էր հանդիսացել հանգստյան օրերին, երբ սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որոնցում քաղաքացիները փորձում էին խլել ավելի էժան ձեթով շշերը։ Սոյլուն ասել է, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստ է միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր մասնակից են եղել սոցցանցերում պարենի անբավարարության հետ կապված վախի սրացմանը։
Թուրքիայի հեռարձակող վերահսկիչ մարմնի ղեկավարը զգուշացրել է հեռուստաալիքներին՝ չհեռարձակել «սպեկուլյատիվ ռեպորտաժներ» սննդամթերքների գների բարձրացման մասին։ Նա նախազգուշացրել է, որ դրա վերաբերյալ «ապատեղեկատվության» դեմ իրավաբանական միջոցներ կկիրառվեն։