Զելենսկի․ Ուկրաինան պետք է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի մասնակցությամբ կոլեկտիվ անվտանգության պայմանագիր կնքի հարևանների հետ
Ուկրաինան պատրաստ է անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսել Ռուսաստանի հետ, բայց պատրաստ չէ կապիտուլյացիայի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում։
«ՆԱՏՕ-ի հետ կապված ես բազմիցս խոսել եմ եւ հրապարակային ուղերձներ եմ հղել եւ՛ Ռուսաստանին, եւ՛ նախագահ Պուտինին։ Մենք պատրաստ ենք մեր երկրի անվտանգության ցանկացած երաշխիքի համապատասխան պետություններից։ Եվ այդ պետությունների թվում է նաեւ Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանը մեր հարեւանն է»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ հետագայում Ուկրաինան պետք է կոլեկտիվ անվտանգության պայմանագիր ունենա իր բոլոր հարեւանների եւ աշխարհի առաջատար պետությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաեւ Թուրքիայի մասնակցությամբ, որի հետ երկիրը սահմանակից է Սեւ ծովով։ «Դրանք կլինեն երաշխիքներ ոչ միայն Ուկրաինայի համար։ Դրանք երաշխիքներ են նաեւ Ռուսաստանի համար, ինչի մասին նա անընդհատ խոսում է․․․»,- շեշտել է Զելենսկին։
«Մենք չենք կարող ճանաչել, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է։ Կարծում եմ՝ Ռուսաստանի Դաշնության համար դժվար կլինի խոստովանել, որ դա Ուկրաինայի տարածքն է։Եվ նաեւ կարծում եմ, որ մենք բավականաչափ խելացի ենք, որպեսզի այդ երկու հարցերի լուծումը հանրության ներսում հեղափոխություններ չառաջացնի, որպեսզի մարդիկ գոհ լինեն այդ որոշումից»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ բոլոր այդ հարցերը լուծելու համար պետք է ուղիղ երկխոսություն սկսել։ «Ժողովուրդը, որն ինձ է ընտրել, պատրաստ չէ կապիտուլյացիայի, բայց մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի եւ Դոնբասի ապագան»,- եզրափակել է Զելենսկին։