Պուտինը տնտեսական նոր արգելքներ է սահմանել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է 2022 թվականին սահմանափակել կամ արգելել երկրից արտահանումը և որոշակի ապրանքների ու հումքի ներմուծումը երկիր՝ համաձայն այն ցուցակների, որոնք կսահմանի կառավարությունը։
Սա բխում է երեքշաբթի օրը հրապարակված հրամանագրից՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման նպատակով արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ապահովել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը հետևյալ հատուկ տնտեսական միջոցների կիրառումը. Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս արտահանման և (կամ) Ռուսաստանի Դաշնության տարածք ապրանքների և (կամ) հումքի ներմուծման արգելք՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից սահմանված ցուցակներին համապատասխան», – ասվում է փաստաթղթում: Նախատեսվում է այլ ապրանքների ցանկ սահմանել , որոնց ներմուծումն ու արտահանումը կսահմանափակվի։
Կառավարությանը հանձնարարվել է երկօրյա ժամկետում որոշել օտարերկրյա պետությունների ցուցակները, որոնց վրա կանդրադառնան այս որոշումները։ Միաժամանակ սահմանվել է, որ միջոցները չեն տարածվում քաղաքացիների կողմից անձնական կարիքների համար տեղափոխվող ապրանքների կամ հումքի վրա։