Մինչև տարեվերջ Մեծ Բրիտանիան կդադարեցնի նավթի ներկրումը ՌԴ-ից
Մեծ Բրիտանիան կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներկրումը մինչև 2022 թվականի վերջ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերության նախարար Կվասի Կվարթենգը։
«Մեծ Բրիտանիան կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներկրումը մինչև 2022 թվականի վերջը: Այս անցումը շուկային, բիզնեսին և մատակարարման շղթաներին ավելի քան բավական ժամանակ կտա ռուսական ներմուծումը փոխարինելու համար, որը կազմում է Մեծ Բրիտանիայի պահանջարկի 8%-ը»,- գրել է նա Twitter-ում:
Նախարարի խոսքով՝ տնտեսվարողներն այս տարին պետք է օգտագործեն սահուն անցում ապահովելու համար, որպեսզի դա չազդի սպառողների վրա:
«Կառավարությունը նաև կաշխատի ընկերությունների հետ՝ օգտագործելու այս ժամանակահատվածը այլընտրանքային աղբյուրներ փնտրելու համար», – ասել է Կվարթենգը:
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան նավթի և նավթամթերքի խոշոր արտադրող է և, բացի այդ, ունի զգալի պաշարներ։
«Բացի Ռուսաստանից, մեր ներմուծման ճնշող մեծամասնությունը գալիս է վստահելի գործընկերներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Նիդերլանդները և Պարսից ծոցի երկրները»-,-ասել է նա:
Նախարարի խոսքով՝ շուկան արդեն սկսել է օտարել ռուսական նավթը, որի գրեթե 70%-ը ներկայումս գնորդ չի գտնում։ Մեծ Բրիտանիան նաև կախված չէ ռուսական բնական գազից, որին բաժին է ընկնում մատակարարումների 4%-ը։