Զելենսկի․ օկուպանտի հարվածներից յուրաքանչյուր մահվան համար պատասխանատու են նրանք, որոնք անվտանգ չդարձրեցին մեր երկինքը
Օկուպանտի ավիահարվածներից յուրաքանչյուր մահվան համար պատասխանատու են նրանք, որոնք անվտանգ չդարձրեցին մեր երկինքը։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «УНИАН»-ը։
«Արդեն 13 օր է՝ լսում ենք խոստումներ, որ կօգնեն փակել երկինքը, մեզ կփոխանցեն ինքնաթիռներ»,- նշել է նա։
«Ուկրաինայում ավիահարվածներից յուրաքանչյուր մահվան համար պատասխանատու են Ռուսաստանը, ռուս զինծառայողները, նրանք, որոնք հանցավոր հրամաններ են արձակում են եւ կատարում դրանք, նրանք, որոնք գիտակցաբար ոչնչացնում են Ուկրաինայի ժողովրդին։ Մեղավոր են օկուպանտները։ Սակայն մեղավոր են նաեւ նրանք, որոնք արդեն 13 օր այնտեղ՝ Արեւմուտքում, իրենց կաբինետներում չեն կարողանում անհրաժեշտ որոշում կայացնել։ Մեղավոր են նրանք, որոնք անվտանգ չդարձրեցին մեր երկինքը ռուս մարդասպաններից։ Նրանք, որոնք չփրկեցին մեզ ավիահարվածներից, ռումբերից, հրթիռներից, բայց կարող էին»,- շեշտել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ քաղաքներում հարյուր հազարավոր մարդիկ կյանքի եւ մահվան շեմին են։
«Կենսական կարեւորություն ունի հակահրթիռային պաշտպանությունը։ Կենսական կարեւորություն»,- նկատել է Ուկրաինայի նախագահը։