Կանայք՝ տիկնիկների տեսքով. Օլգա Մենի յուրահատուկ ցուցահանդեսը Երեւանում եւ հայ կինը՝ որպես ոգեշնչման աղբյուր
Երեւան քաղաքի պատմության թանգարանում երեկ՝ մարտի 7-ին, յուրահատուկ ցուցահանդես է բացվել. ռուս արվեստագետ Օլգա Մենը հայ տիկնիկասերներին ներկայացնում է իր ստեղծած տիկնիկների հավաքածուն, որոնք առանձնահատուկ են՝ տարբեր երկրների ազգային հագուստի ցուցադրությամբ:
Օլգան մասնագիտությամբ թատերական նկարիչ է. տիկնիկներ ստեղծելն իր համար հոբբի է համարում եւ ասում է՝ ցուցահանդեսի ոգեշնչման աղբյուրը եղել է հենց հայ կնոջ կերպարը:
«Ես ամեն տեղ եմ նշում, որ հայ կանայք այնքան գեղեցիկ են, այնքան հետաքրքիր, որ նրանց կողքով անհնար է անցնել՝ չշրջվելով ու ուշադրություն չդարձնելով: Այդ գեղեցկությունը ես այլ աչքերով եմ տեսնում ու գնահատում, եւ երբ Վերնիսաժում անցնում էի մի տաղավարի կողքով, տեսա մի քանի տիկնիկ՝ հայկական ազգային հագուստով, բայց տգեղ դեմքերով, ինչից ազդվեցի: Ուզում էի բղավել՝ ո´չ, ախր հայ կանայք այնքան գեղեցիկ են: Ու այդպես ցանկացա ցույց տալ հայ կնոջ գեղեցիկ դեմքը: Սկսեցի զբաղվել ազգային հագուստի ուսումնասիրությամբ, հետո հասկացա, որ դեմքը՝ դեմք, կոստյումը՝ կոստյում…ու սկսեցի մոդելավորել ու երեւակայել: Կարծում եմ՝ ինձ մոտ ստացվել է ներկայացնել գեղեցիկ հայուհու: Իմ ամենասիրելի աշատանքն, ի դեպ, արդեն վաճառված է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նկարչուհին,-«Ես թատերական նկարիչ եմ, որը ստեղծում է թատերական հագուստ, ինչն ինձ մոտ լավ է ստացվում ու ինչով հպարտանում եմ: Ես տիկնիկագործ չեմ, այս ոլորտում նորեկ եմ, ու պետք չէ ինձ պրոֆեսիոնալ աչքով դիտարկել, բայց այն, ինչ անում եմ, անում եմ հաճույքով»,-հավելեց նա:
Անդրադառնալով տիկնիների ստեղծման ժամանակահտվածին՝ նա ասաց, որ երբ ոգեշնչումն այցելում է, երբեմն, նույնիսկ, կորցնում է ժամանակի զգացողությունը:
«Կերպարները շատ տարբեր են. այնպես է ստացվում, որ երբեմն չեմ ուտում, չեմ խմում, պարզապես, ստեղծագործում եմ: Երբ ոգեշնչումը գալիս է, աշխարհն, ասես, կանգ է առնում: Իրականում սա շատ երկարատեւ, բայց ոգեշնչող աշխատանք է»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: