Վերեշչուկ. Ուկրաինան ՌԴ-ին կոչ է անում համաձայնեցնել միջանցքները Կիեւի, Խարկովի, Վոլնովախայի եւ Մարիոպուլի համար
Ուկրաինան Ռուսաստանին կոչ է անում անհապաղ համաձայնեցնել հումանիտար միջանցքները Կիեւի, Խարկովի, Կիեւի, Խարկովի մարզերի, Վոլնովախայի եւ Մարիուպոլի համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է փոխվարչապետ, ժամանակավորապես զավթված տարածքների վերինտեգրման հարցերի նախարար Իրինա Վերեշչուկը, տեղեկացրել է «Укринформ»-ը։
«Մենք նաեւ ռուսական կողմին եւ Կարմիր խաչին ենք ուղարկել հումանիտար միջանցքների երթուղիները՝ Վոլնովախա-Զապորոժիե, Մարիուպոլ-Զապորոժիե, Կիեւ եւ Կիեւի մարզ՝ Արեւմտյան Ուկրաինայի ուղղությամբ, ինչպես նաեւ Խարկով եւ Խարկովի մարզ՝ Արեւմտյան Ուկրաինայի ուղղությամբ։ Կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ համաձայնեցնել նշված երթուղիները եւ տեղեկացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ու ապահովել հրադադարի մշտական ռեժիմ այդ երթուղիներում»,- ասել է Վերեշչուկը։
Փոխվարչապետ-նախարարը կոչ է արել չվստահել տեղեկատվության ոչ պաշտոնական աղբյուրներին, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդումներին։
«Վստահեք Ուկրաինայի իշխանություններին, լսեք, կարդացեք պաշտոնական ԶԼՄ-ները»,- ընդգծել է Վերեշչուկը։
Ինչպես տեղեկացվել էր, մարտի 8-ին պետք է գործեր հումանիտար միջանցքը Սումի քաղաքի համար։ Հումանիտար միջանցքի երթուղին մարդկանց տարհանման համար մեկն է՝ Սումի-Գոլուբովկա-Լոխվիցա-Լուբնի-Պոլտավա։ Փոխվարչապետ, ժամանակավորապես օկուպացված տարածքների վերինտեգրման հարցերի նախարար Իրինա Վերեշչուկի խոսքով՝ այլ երթուղիներ համաձայնեցված չեն։