Մադուրոն հայտարարել է, որ իրավիճակն Ուկրաինայում կարող է վերածվել գլոբալ հակամարտության
Վենեսուելայի կառավարությունը խորապես անհանգստացած է, որ հակամարտությունն Ուկրաինայում կարող է տարածվել Եվրոպայի եւ աշխարհի այլ տարածաշրջաններում եւս, դրան են ուղղված ատելության քարոզը ԶԼՄ-ներում եւ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն VTV հեռուստաալիքի հեռարձակած ուղերձում։
«Մենք խորապես անհանգստացած ենք Եվրոպայում պատերազմի հնարավորությունից եւ ռազմական դիմակայության տարածումից աշխարհի այլ տարածաշրջաններում։ Պատրաստվել է ատելության հանրային քարոզչություն, ինչպես նաեւ կիրառվել են տնտեսական միջոցներ, որոնք ուղղված են պայմանների վատթարացմանը եւ ռազմական սցենարի տարածմանը, ռազմական գործողությունների թատերաբեմի տեղափոխմանն Ուկրաինայի սահմաններից դուրս, Եվրոպայում եւ Եվրոպայից դուրս՝ մոլորակի այլ տարածաշրջաններում»,- ասել է պետության ղեկավարը։
Վենեսուելայի նախագահը հույս է հայտնել, որ ժամանակին այս արվող նախազգուշացումը կկարողանա կանգնեցնել Արեւմուտքի եւ աշխարհի կարեւորագույն առաջնորդների խելահեղությունը։
«Հակամարտությունն ընդլայնվում է ռազմական տեսակետից, ինչը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Արդեն այժմ այն գլոբալ հետեւանքներ ունի՝ քայքայիչ ազդեցություն նավթի, բենզինի եւ գազի գների, պարենի, պարարտանյութերի, փոխադրման արժեքի վրա։ Գլոբալ ազդեցությունն արտահայտվում է անվտանգության կորստի, միջազգային հարաբերությունների կառավարման ասպարեզներում»,- ընդգծել է Մադուրոն։
Վենեսուելայի նախագահի խոսքով՝ հարավամերիկյան երկրի իշխանություններն արդեն միջոցներ են ձեռնարկում՝ վերահսկելու գնաճն ու Եվրոպայում հակամարտության տարածման հնարավոր հետեւանքները։