Բլինքենը լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն է հայտնել Ուկրաինային այդ երկրի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարությունում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Ինչպես ասվում է հայտարարությունում, Բլինքենը Կուլեբային ասել է, որ «շարունակվելու է աջակցությունը Ուկրաինայի ժողովրդին եւ իշխանություններին»։
Նրանք «քննարկել են շարունակվող դիվանագիտական փոխգործակցությունը»՝ ուղղված այն բանին, որպեսզի դադարեցվի ռուսական ռազմական միջամտությունն Ուկրաինայում, նշվում է հաղորդագրությունում։