Մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր հաստատվել է 1910 թվականին, մեկ տարի անց` տոնվել
Այսօր մարտի 8-ն է` կանանց միջազգային օրը:
Մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր հաստատվել է 1910 թվականին, մեկ տարի անց` տոնվել:
Հայաստանում օրը նշվում է 1919 թվականից: Տոնը մի պահ պաշտոնապես մոռացվել էր, սակայն կանացի հմայքի ուժն անպարտելի է եւ գարնանային այս գեղեցիկ օրը հայկական օրացույցում կրկին նշված է կարմիրով: Հայաստանն այն եզակի երկիրն է, որտեղ Կանանց միջազգային տոնի օրը մեկնարկում է հասարակության կողմից հռչակված ոչ պաշտոնական միամսյակը, որն ավարտվում է ապրիլի 7-ին՝ մայրության ու գեղեցկության օրը: Մարտի 8-ը Կանանց միջազգային տոնն է եւ տոնի առաջացման հետ կապված վարկածները բազմաթիվ են:
Հին Հռոմում կանանց օր կար, երբ մեծարում էին մատրոններին` ազատածին եւ ամուսնացած կանանց: Այդ օրը մատրոններն ամուսիններից նվերներ էին ստանում եւ շրջապատվում սիրով եւ մեծ ուշադրությամբ: Ստրկուհիներին նույնպես նվերներ էր բաժին հասնում, նրանք ստանում էին նաեւ հանգստի իրավունք: Այդ օրը կանայք հագնում էին իրենց ունեցած ամենալավ հագուստները եւ այցելում ընտանեկան օջախը պահպանող Վեստա աստվածուհու տաճարը:
Այս օրվա հետ կապված ամենաառաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքային վատ պայմաններն էին: Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, որը կազմակերպում է կանանցից կազմված հեղափոխական ջոկատ, որը կանանց, այսպես ասած անզուսպ էներգիան ուղղորդում է շահագործողների դեմ պայքարին:
Վարկած կա, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: Մի վարկածով, Կլարա Ցետկինն առաջարկում է այս տոնը նշել Պուրիմի հակադրությամբ` հրեա կանանց կրոնական սովորույթներից հետ պահելու համար: Այլ վարկածի համաձայն, այն շղարշ է` հրեական տոնն ամբողջ աշխարհում նշելու համար:
Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները հիշեցին 1857թ.-ի տեքստիլագործների բողոքի երթը եւ 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ.-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանաց ազգային օր: 1910թ.-ին Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկում է կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չի մատնանշում: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Ելենա Գրիբերգն առաջարկում է մարտի 19-ը:
Կանաց միջազգային օրն առաջին անգամ նշվեց 1911թ.-ին որոշված օրը չորս երկրում (Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա): 1912թ.-ին օրը նշվեց դարձյալ «նեղ շրջանակով», այս անգամ` մարտի 12-ին: 1913-ին կանանց օրը Գերմանիայում նշվեց մարտի 12-ին, Ավստրիայում, Չեխիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում` մարտի 9-ին, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում` մարտի 2-ին: Եվ միայն 1914թ.-ի մարտի 8-ին տոնը միաժամանակ նշվում է վեց երկրում` Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում եւ Շվեկցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր եւ ոչ աշխատանքային:
Առաջին աշխարահամարտը Եվրոպային ստիպում է մոռանալ տոները, բայց Ռուսաստանում բոլշեւիկյան հեղափոխությունից անմիջապես հետո կանանց միջազգային տոնը կրկին հիշվում է եւ ստանում պաշտոնականի կարգավիճակ: Ընդհանրապես, պատմաբանների ու քաղաքագետների համոզմամբ, Ռուսաստանում տոնի նկատմամբ մեծ ուշադրությունը պայմանավորված է աթեիստական նկատառումներով, քանի որ այն ստվերում է ուղղափառ եկեղեցու գարնան սկզբի տոնաշարը: Մարտի ութն առիթ էր, որպեսզի խորհրդային ժողովրդի ուշադրությունը շեղվեր կրոնական տոներից: 1965թ.-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975թ.-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975թ.-ը ճանաչեց Կանաց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977թ.-ին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն:
Սակայն փաստացի մարտի 8-ն այսօր նշում են միայն նախկին Խորհրդային հանրապետություններում: ԱՊՀ երկրներից Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում: Ուկրաինայում տոնը նշվում է որպես Կանանց միջազգային օր, իսկ Բելառուսում եւ Ուզբեկստանում` միայն Մայրության օր: Տոնը նշվում է նաև Վրաստանում:
Անկախությունից հետո Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, եւ որպես այլընտրանքային` ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության եւ գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խորն արմատներ էր գցել եւ դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձեւավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, եւ մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին` մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ: Եվրոպական երկրներում մարտի 8-ը գրեթե մոռացության է մատնված: