Այժմ համակարգիչները կարելի է նաև վիդեոքարտերով կոտրել
Հաքերները սկսել են Nvidia-ի սերտիֆիկատները վիրուսներ տարածելու համար օգտագործել, հայտնում է BleepingComputer-ը։
Հեղինակները նկատել են, որ չարագործները սովորել են Nvidia-ի պաշտոնական սերտիֆիկատները խարդախության նպատակով օգտագործել: Ավելի վաղ Nvidia-ն հաստատել էր, որ ընկերության սերվերները կիբեռհարձակման են ենթարկվել, ինչի հետեւանքով որոշ տվյալներ գողացվել են։ Ավելի ուշ հաքերային Lapsus$ խմբի ներկայացուցիչները հայտարարել էին, որ հարձակման ժամանակ մոտ մեկ տերաբայթ տեղեկատվություն է գողացվել։
Անվտանգության մասնագետ Բիլ Դեմիրկապին ասել է, որ հաքերները փոխել են կոդերի ստորագրման երկու սերտիֆիկատներ, որոնք օգտագործվում են Nvidia-ի վիդեոքարտերի ծրագրակազմը ստուգելու համար։ Սերտիֆիկատները թույլ են տալիս մշակողներին թվային ստորագրություն թողնել գործարկվող ֆայլերի եւ դրայվերների վրա, որպեսզի Windows-ը եւ վերջնական օգտագործողները կարողանան ստուգել ծրագրային ապահովման վավերականությունը: Չարամիտ նպատակներով դրանց օգտագործման դեպքում խաբեբաները վնասակար ծրագրերը կարող են որպես օգտակար ներկայացնել, շրջանցել համակարգչի անվտանգության համակարգերը եւ կոտրել սարքը:
Փորձագետները հայտնել են, որ թեեւ Nvidia-ի երկու գողացված սերտիֆիկատների ժամկետն ավարտվել է, Windows-ը դեռ թույլ է տալիս դրանց օգնությամբ ստորագրված դրայվերներ ներբեռնել օպերացիոն համակարգ: Լրագրողները հույս են հայտնել, որ այս թերությունը կվերացվի։