Ջոնսոնը, Թրյուդոն և Ռյուտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նիդեռլանդների վարչապետներ Բորիս Ջոնսոնը, Ջասթին Թրյուդոն և Մարկ Ռյուտեն կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել կրակն Ուկրաինայում՝ խաղաղ բնակչության անվտանգ ելքը, ինչպես նաև սննդի և դեղորայքի առաքումն ապահովելու համար:
Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ասված է առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Լոնդոնում նրանց հանդիպումից հետո։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունները՝ լիովին հետևել միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությանը, ինչպես նաև անհապաղ դադարեցնել կրակը՝ ապահովելու համար խաղաղ բնակչության անվտանգ ելքը, սննդամթերքի և դեղորայքի առաքումը»,- ասվում է փաստաթղթում։
Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նիդեռլանդների վարչապետները հայտարարել են, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների քաղաքականությունը կշարունակվի։
Մեծ Բրիտանիան, Կանադան և Նիդեռլանդները Ուկրաինային լրացուցիչ պաշտպանական օգնություն կտրամադրեն։