2021 թվականի օգոստոսի 15-ից ի վեր Աֆղանստանում 397 խաղաղ բնակիչ է սպանվել. ՄԱԿ
Անցյալ տարվա օգոստոսի 15-ին թալիբների կողմից Քաբուլը գրավելուց հետո Աֆղանստանում առնվազն 397 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։
«2021 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը ծանուցվել են առնվազն 397 խաղաղ բնակիչների մահվան և 756 վիրավորների մասին», – ասել է Բաչելետը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել «կործանարար հումանիտար և տնտեսական ճգնաժամի վրա, որը լրջորեն ազդում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների լիարժեք իրացման վրա»: Նրա խոսքերով, բնակչության կեսից ավելին այժմ տառապում է ծայրահեղ սովից, երկրում գրանցվել է երեխաների թրաֆիքինգի աճ։ Միաժամանակ, միջազգային պատժամիջոցները, որոնք նախկինում կիրառում էին թալիբների դեմ, այժմ իշխող իշխանությունների դեմ պատժամիջոցներ են դարձել: