Բորելն Ուկրաինայի հարցով օգնություն է խնդրել Չինաստանից
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Չինաստանի արտգործնախարարին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
«Ես երկար զրույց եմ ունեցել չինացի նախարարի հետ: Իմ կարծիքով, խոսքը միջնորդության մասին չէ: Բայց ակնհայտ է, որ Չինաստանն ազդեցություն ունի Ռուսաստանի վրա: Մենք քննարկել ենք ներկա իրավիճակը, դրա պատճառները, դրա հնարավոր շարունակությունը…
Ես խնդրեցի Չինաստանին հնարավոր դեր խաղալ և դառնալ դիվանագիտական ջանքերի մի մասը՝ անհապաղ հրադադարի և բանակցությունների համար… Ակնհայտ է, որ Չինաստանը կարող է դերակատարում ունենալ»,- ասել է Բորելը Ֆրանսիայում Եվրամիության երկրների զարգացման նախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպումից հետո։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ ԵՄ-ն կապի մեջ է տարբեր միջազգային գործընկերների հետ, որոնք կարող են միջնորդ լինել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում։