Ճապոնիան վախենում է մատակարարումների տապալումից երկինքը ռուսական ինքնաթիռների համար փակելու դեպքում
Ճապոնիան վախենում է մատակարարումների տապալումից՝ իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակելու դեպքում: Տոկիոն մտահոգություն է հայտնել, որ նման որոշումից հետո ապրանքների ներմուծման հետ կապված դժվարություններ կարող են սկսվել՝ հայտնում է РИА Новости-ն՝ NHK հեռուստաալիքին հղումով։
«Ճապոնիայի աշխարհագրական դիրքը տարբերվում է ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։ Եթե Ռուսաստանը պատասխան քայլեր ձեռնարկի, դա մեծ ազդեցություն կունենա ապրանքների մատակարարման վրա»,- ասել է Ճապոնիայի կառավարության աղբյուրը։
Հեռուստաալիքը նշում է կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներսում իշխող այն կարծիքը, ըստ որի՝ Տոկիոն պետք է համաքայլ լինի Եվրոպայի հետ ու արգելի ռուսական ավիաընկերությունների թռիչքներն իր օդային տարածքում: Նրանց կարծիքով՝ նույն կերպ պետք է վարվեն նաև ասիական երկրները:
Մարտի սկզբին մի շարք եվրոպական երկրներ փակեցին իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով: Որպես հայելային միջոց՝ Ռուսաստանը սահմանափակեց թռիչքները 36 երկրի ավիաընկերությունների համար։