ԱՄՆ-ը վտարել է 12 ռուս դիվանագետի
ԱՄՆ-ից Մոսկվա է մեկնել ՄԱԿ-ին առընթեր 12 ռուս դիվանագետ, որոնց ԱՄՆ-ը պերսոնա նոն գրատա է հայտարարել։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությանը։
Ամերիկյան իշխանությունները Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության 12 աշխատակցի կարգադրել են մինչեւ մարտի 7-ը հեռանալ երկրից։
Ավելի վաղ բրիտանական Reuters գործակալությունը, հղում կատարելով Պետդեպարտամենտին, գրել էր, որ ԱՄՆ-ը հավանություն է տվել հատուկ ինքնաթիռի ժամանմանը, որը պետք է տաներ ՄԱԿ-ին առընթեր 12 ռուս դիվանագետներին, որոնք պերսոնա նոն գրատա են հայտարարվել Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի շարունակվող հատուկ ռազմական գործողության համատեքստում։
Դիվանագետների վտարման մասին հայտնի էր դարձել մարտի 1-ին։ Միացյալ Նահանգները նման միջոցի է դիմել Ուկրաինայում ռուսական Զինված ուժերի շարունակվող հատուկ ռազմական գործողության ֆոնին։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ այդ որոշումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չի հարգում կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները։