TikTok-ը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում, Netflix-ը հայտարարել է, որ դադարեցնելու է
TikTok սոցիալական ցանցը որոշում է կայացրել ժամանակավորապես արգելել նոր հոլովակներում ու ուղիղ եթերներում ՌԴ-ից հեռարձակումների տեղադրումը «ֆեյքերի» մասին օրենքի պատճառով, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։
«Մեր աշխատակիցների եւ օգտատերերի անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է։ «Ֆեյք նորությունների մասին» Ռուսաստանի նոր օրենքի համատեքստում մենք այլ ընտրություն չունենք՝ մեր տեսասերվիսի համար ուղիղ հեռարձակումն ու նոր կոնտենտը դադարեցնելուց բացի, մինչեւ որ կքննարկենք այդ օրենքի հետեւանքները անվտանգության առումով։ Հավելվածում հաղորդագրությունների փոխանակման մեր ծառայությանը սա չի անդրադառնա»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։
«Մենք կշարունակենք գնահատել փոփոխվող իրադրությունը Ռուսաստանում՝ որոշելու համար, թե երբ կկարողանանք լիովին վերականգնել մեր ծառայությունները՝ հաշվի առնելով անվտանգությունը որպես մեր գլխավոր առաջնահերթություն»,- նշել են ընկերությունում։
Netflix օնլայն-կինթատրոնը նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է իր սերվիսի աշխատանքը Ռուսաստանում, տեղեկացնում է Чемпионат-ը։
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է նշանակում սա, այժմ բաժանորդները դեռեւս կարող են դիտել հեռուստաշոուները։ Գուցե սահմանափակումներն սկսվեն առաջիկա օրերին, կամ պարզապես թույլ չի տրվի երկարացնել բաժանորդագրությունը ընթացիկ շրջանի ավարտից հետո։