Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը մարտի 7-ին կարող է տեղի ունենալ. Սլուցկի
Ուկրաինական տարածքում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների հաջորդ՝ երրորդ փուլը մարտի 7-ին կարող է տեղի ունենալ, հայտարարել է բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ, Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Բանակցությունների երրորդ փուլն իսկապես կարող է առաջիկա օրերին կայանալ։ Երեւի երկուշաբթի օրը՝ (մարտի) 7-ին,- «Սոլովյով LIVE» հաղորդման եթերում ասել է Սլուցկին։
Նա նաեւ կոչ է արել շտապ եզրակացություններ չանել ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչներից մեկի՝ Դենիս Կիրեեւի մահվան մասին լուրերիից, նրա սպանության մասին ուրբաթ ուկրաինական ԶԼՄ-ներն էին հայտնել։ Սլուցկին նշել է, որ այս տեղեկությունը կարող է ճիշտ չլինել։
Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին, երկրորդը՝ մարտի 3-ին, երկուսն էլ անցկացվել են Բելառուսի տարածքում։