Հռոմի պապը հայտնել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Սուրբ Աթոռը պատրաստ է անել ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս օրերին երկու կարդինալներ գնացին այնտեղ՝ օգնելու բնակչությանը: Նրանց ներկայությունն այնտեղ ոչ միայն Պապի, այլեւ ողջ ժողովրդի ներկայության նշան է. քրիստոնյա բնակչության, որն ասում է, որ պատերազմը խելագարություն է, պետք է դադարեցնել այն»,- ասել է Հռոմի պապը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան «հումանիտար օգնության կարիքն ավելի ու ավելի է զգում»։ Նա կոչ է արել մարդասիրական միջանցքներ ստեղծել՝ բնակչությանը կենսականորեն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։
Նա նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել երկխոսություն, ինչպես նաև հարգել միջազգային իրավունքը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր լրագրողներին, ովքեր վտանգում են իրենց կյանքը և դեպքի վայրից տեղեկատվություն փոխանցում հանրությանը։ «Շնորհակալ եմ ձեզ, եղբայրներ և քույրեր, ձեր աշխատանքի համար, որը մեզ թույլ է տալիս ավելի մոտենալ տառապող բնակչությանը և հասկանալ պատերազմի դաժանությունը», - ասել է նա: