Մեքսիկայում ֆուտբոլային խաղի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ
Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել շաբաթ օրը ֆուտբոլի Մեքսիկայի առաջնության «Կերետարո» և «Ատլաս» թիմերի հանդիպման ժամանակ։ Ավելի քան 20 մարդ է տուժել Կերետարո քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած բախումների հետևանքով, Twitter-ում հայտնել է շրջանի քաղաքացիական պաշտպանության վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մահացածների մասին տեղեկություն չկա, տուժել է 22 մարդ, նրանցից ինը տեղափոխվել է կենտրոնական հիվանդանոց, երկուսի վիճակը գնահատվում է ծանր»,- ասվում է գրառման մեջ։
Բախումները տրիբունաներում և ֆուտբոլի խաղադաշտում սկսվել են հանդիպման երկրորդ խաղակեսում, երբ «Ատլասը» առջևում էր 0:1 հաշվով։
Նախնական տվյալներով՝ ձերբակալվել է անկարգությունների 10 մասնակից։
Ֆուտբոլի առաջնության ղեկավարությունը խոստացել է կատարվածի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և որոշել է կիրակի չանցկացնել 9-րդ տուրի մնացած հանդիպումները։