ՌԴ-ն ԱՊՀ երկրների հետ ցանկանում է սպորտային լիգաներ ստեղծել
Ռուսաստանի սպորտի նախարարությունը շտապ կարգով խորհրդակցություն է անցկացրել տարբեր սպորտաձևերի ազգային ֆեդերացիաների հետ:
Ինչպես տեղեկացնում է sport24 կայքը, այդ հանդիպման ժամանակ սպորտի նախարարությունը քննարկել է, թե ինչ միջոցառումներ է պետք ձեռնարկել բնագավառի պահպանման և աջակցության համար:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի ձիասպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նախարարությունը մտադիր է սերտ կապեր հաստատել նախկին ԱՊՀ-ի և ԲՌԻԿՍ-ի երկրների հետ: Դրանց մեջ են մտնում Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Հայաստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը և ՀԱՀ-ն:
Ռուսաստանը միաժամանակ պատրաստվում է բանակցություններ վարել այդ երկրների սպորտային կառույցների հետ` համատեղ լիգաներ ստեղծելու համար: Դրանք բաց կլինեն նաև այլ երկների համար:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով աշխարհի սպորտային կառույցները Ռուսաստանին զրկել են միջազգային խոշոր մրցաշարերից, խիստ պատժամիջոցներ սահմանել դրանք խախտելու դեպքում: