Չիլիի լողափերից մեկում ավելի քան 100 սատկած պինգվին է հայտնաբերվել
Չիլիի իշխանությունները փորձում են պարզել Արաուկանիա շրջանի ափին ավելի քան 100 մագելանյան պինգվինների մահվան պատճառը։ Այս մասին ուրբաթ հայտնել է հարավամերիկյան երկրի (Sernapesca) ձկնաբուծության եւ ջրային կուլտուրաների ազգային ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հաստատվել է, որ հայտնաբերվել է 115 մագելանյան պինգվին, 104 մոխրագույն մրրկահավ, հինգ ջրագռավ, մեկ երիտասարդ ծովառյուծ եւ մեկ դելֆին, նրանք բոլորը սատկած էին»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Թռչունների զանգվածային մահվան մասին իշխանություններին հայտնել էր տեղի բնակիչներից մեկը։ Դեպքի վայր ժամանած մասնագետները հետազոտել են Տոլտեն գետի երկայնքով ափամերձ 4 կմ: Մի քանի կենդանու մարմին ուղարկվել է փորձաքննության։
«Sernapesca-ն արդեն հայտարարություն է նախապատրաստում, որը կներկայացվի դատախազություն՝ վայրի կենդանիների սատկելու պատճառները պարզելու համար մանրակրկիտ հետաքննություն սկսելու նպատակով»,- հայտնել են մամուլի ծառայությունից: