Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է․ ԱՆ պարզաբանումը սննդի կետերում սեղաններին աղամաններ չդնելու վերաբերյալ հասարակության բողոքի ալիքի վերաբերյալ
Առողջապահության նախարարության համար գերակա խնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դրանք են բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը։ Այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարությունում:
«2020 թվականի պաշտոնական տվյալների համաձայն` ընդհանուր մահացության կառուցվածքում, առավել տարածված չորս ՈՎՀ-ից (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 47.3% (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացություններ 14,8% (ՉՆ), շաքարային դիաբետ` 1․3% (ՇԴ) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ` 1.1% (ԹՔՕՀ)) մահացությունը կազմում է շուրջ 70%։
Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ՈՎՀ զարգացումը պայմանավորված է ապրելակերպի առանձնահատկություններով, մասնավորապես` բնակչության ռիսկային վարքագծով (ծխախոտի օգտագործում, անառողջ սննդակարգ, կերակրի աղի չարաշահում, ալկոհոլի օգտագործում, ֆիզիկական թերակտիվություն և այլն)։
Հավելյալ աղի օգտագործումը հանգեցնում է զարկերակային հիպերտենզիայի, կաթվածների առաջացման, երիկամների ֆունկցիայի խանգարման և ընդհանուր առողջության վատթարացման: Միջազգային տվյալների համաձայն` բնակչության շրջանում տարեկան օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը:
Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս նվազեցնել օրական օգտագործվող աղի չափաբաժինը՝ հասցնելով այն մինչև 2-3 գրամի, որը 13%-ով նվազեցնում է սրտամկանի կաթվածների առաջացումը:
Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
STEPS մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված հետազոտության տվյալներով` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սնունդին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:
Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ըստ ԱՀԿ-ի առաջարկությունների` բնակչության շրջանում աղի օգտագործման կրճատմանը կարելի է հասնել իրականացնելով ինչպես մի շարք ռազմավարական, այնպես էլ պրակտիկ տեղական միջոցառումներ: Այդ միջոցառումներից է, օրինակ՝ աղի օգտագործման նվազեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, այդ թվում հասարակական սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացումը:
Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը կրճատելու համար»:
Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:
Հիշեցնենք նաև, որ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Հանրային սննդի օբյեկտներում սեղաննների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Այս նախագծի հեղինակն Առողջապահության նախարարությունն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների եւ ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:
Ըստ հետազոտությունների՝ տղամարդկանց 40.3 եւ կանանց 30.1 տոկոսն ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում, իսկ 71 տոկոսը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Ըստ Առողջապահության նախարարության՝ օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13 տոկոսով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը»:
Նշենք նաև, որ այսյս լուրի տարածումից հետո հատկապես ֆեյսբուքահայությունը աղմուկի ալիք էր բարձրացրել, որոշները դժգոհ մեկնաբանություններ էին գրում, որոշներն էլ աղը իրենց պատին էին դնում: