Դոնբասից և Ուկրաինայից մոտ 174 հազար մարդ է տարհանվել Ռուսաստան
Փետրվարի 18-ից Ռուսաստան է տարհանվել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի գրեթե 156 հազար բնակիչ, իսկ վերջին օրերին ռուսական անցակետերով Ուկրաինայից մոտ 18 հազար մարդ է դուրս բերվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մարտի 5-ի առավոտվա դրությամբ ՌԴ սահմանը գրեթե 174.000 մարդ է հատել, այդ թվում՝ ավելի քան 45.000 երեխա։ Գրեթե 156 հազարը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի բնակիչներ են, որոնց տարհանման մասին հայտարարվել էր փետրվարի 18-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ այլ պետությունների եւս 18 հազար քաղաքացի վերջին օրերին լքել է Ուկրաինայի տարածքը Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի շրջանների եւ Ղրիմի Հանրապետության անցակետերով։
Իրավապահ մարմինները հայտնել են, որ Ռուսաստան տարհանված Դոնբասի բնակիչներին ընդունում է արդեն 25 մարզ։ «25 մարզի տարածքում ժամանակավոր կացարանների 270 կետերում ավելի քան 18 հազար մարդ է գտնվում, այդ թվում՝ ավելի քան 9 հազար երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը։