Մեծ Բրիտանիան սկսել է վկայություններ հավաքել Ուկրաինայում ՌԴ ռազմական օպերացիայի վերաբերյալ՝ ՄՔԴ փոխանցելու համար
Սքոթլանդ Յարդը սկսել է վկայություններ հավաքել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական օպերացիայի վերաբերյալ՝ դրանք Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) փոխանցելու համար։ Լոնդոնի ոստիկանության կողմից ուրբաթ հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այդ աշխատանքն իրականացնում է ռազմական հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումը, որը մտնում է Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Խուզարկուները դիմում են բոլորին Մեծ Բրիտանիայում, ով կարող է ուղիղ ապացույցներ ունենալ 2013 թ. նոյեմբերի 21-ից մինչ օրս Ուկրաինայում իրականացված ռազմական հանցագործությունների մասին:
Լոնդոնի ոստիկանության Պատերազմական հանցագործությունների դեմ պայքարի բաժնին փոխանցված եւ հավաքված ապացույցները կարող են այնուհետեւ փոխանցվել ՄՔԴ՝ դրա կողմից իրականացվող հետաքննությանն աջակցության կարգով: Այս պահին, Թագավորության դատախազության հետ համատեղ մշակված առաջարկությունների համաձայն, բուն Միացյալ Թագավորությունում խումբը չի զբաղվում Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննությամբ»,- ասվում է փաստաթղթում:
Ինչպես ընդգծել են ոստիկանությունում, խմբի անդամները հատկապես շահագրգռված են շփվել Միացյալ Թագավորությունում գտնվող եւ հնարավոր հանցագործությունների անմիջական վկաներ հանդիսացող մարդկանց հետ։ Ոստիկանությունը կխորհրդակցի բրիտանական համապատասխան պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ՝ նյութերի հավաքման գործընթացը համակարգելու համար։
Ուկրաինան ՄՔԴ-ի անդամ չէ, սակայն ավելի վաղ երկու դիմում էր ներկայացրել՝ ճանաչելով դատարանի իրավասությունը երկրի տարածքում 2013 թվականի նոյեմբերի 21-ից սկսած հնարավոր հանցագործությունների նկատմամբ։ Իրավիճակի նախնական ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՄՔԴ դատախազությունը հայտարարել է, որ հիմքեր է հայտնաբերել՝ հնարավոր ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ լիարժեք հետաքննություն իրականացնելու համար։ Հաշվի առնելով հակամարտության ընդլայնումը՝ փետրվարի 28-ին Խանը հայտարարեց ՄՔԴ-ի իրավասության տակ գտնվող բոլոր հնարավոր հանցագործությունները հետաքննության գործընթացում ներառելու իր մտադրության մասին, որոնք կատարվել են հակամարտող երկրներից որեւէ մեկի կողմից: Մարտի 3-ին 39 երկրի պահանջով ՄՔԴ-ն սկսել է Ուկրաինայի տարածքում հնարավոր հանցագործությունների հետաքննությունը։
Կրեմլը կտրականապես մերժել է Խանի խոսքերն Ուկրաինայումիրադարձությունների հետ կապված Ռուսաստանի դեմ գործ հարուցելու ենթադրյալ ծանրակշիռ հիմքերի մասին։