Առաջին մումիաները Եվրոպայում ի հայտ են եկել ավելի քան 8 հազարամյակ առաջ
Շվեդիայում Ուփսալայի եւ Լինեի համալսարաններից, ինչպես նաեւ Պորտուգալիայում Լիսաբոնի համալսարանից գիտնականներն ուսումնասիրել են 8 հազար տարեկան որսորդ-հավաքողների մնացորդները Պորտուգալիայի Սադո հովտում: Պարզվել է, որ մումիֆիկացումը կարող էր տարածվել Եվրոպայում շատ ավելի վաղ, քան համարվում էր: Փորձագետների հետազոտության մասին տեղեկատվությունը հրապարակվել է European Journal of Archaeology պարբերականում:
Ուսումնասիրելով մնացորդները, որոնք հայտնաբերվել են հնագույն դամբարանատեղիներում՝ հնագետները ենթադրել են, որ նախքան հուղարկավորումը հանգուցյալների մարմինները «չորացրել են»՝ վերածելով մումիաների: Նախքան այդ համարվում էր, որ առաջին մումիաներն ի հայտ են եկել 7 հազարամյակ առաջ Չիլիում: Սակայն մեզ հայտնի են Ատակամայի ավելի քան 4-հազարամյա մումիաների մնացորդները:
Հետազոտողներն օգտագործել են մի քանի մեթոդ՝ հնագիտությունն ու դատական բժշկությունը: Դրա հիման վրա նրանք ենթադրել են, որ Պորտուգալիայի մումիաները ստեղծվել են արհեստական ճանապարհով՝ մումիֆիկացման բնական մեթոդների կիրառմամբ: Այսինքն՝ հանգուցյալների մարմինները միտումնավոր կերպով «չորացրել են» բնական եղանակով՝ օգտագործելով միայն բինտեր մնացորդներին անհրաժեշտ դիրքը հաղորդելու համար:
Հետագայում այդ հետազոտությունը կօգնի մասնագետներին Եվրոպայում քարե դարի ժամանակաշրջանում բնակչության հուղարկավորության ծիսակարգերն ուսումնասիրելիս: